ԸՆԿԵՐՈՒՀԻՆԵՐ?

mini- midi-maxi-super maxi ……..


Առանց ընկերուհիների կյանքն ուղղակի անհնար է պատկերացնել,  բայց ինչ անել, եթե ընկերուհուդ պատճառով հայտնվել ես անելանելի վիճակում կամ նրա շնորհիվ կորցրել ես վստահությունդ մարդկանց նկատմամբ?? Լսվեց “SOS” ազդանշան. կփորձեմ օգնել` առաջարկելով ընկերուհիների հետ կապված տարբեր բարդ իրավիճակներից դուրս գալու լուծումներ:Առանց ընկերուհու հնարավոր չէ, բայց երբեմն էլ ընկերուհուն հասկանալն անհնար էԿյանքի բոլոր փուլերում էլ քեզ ուղեկցում են մարդիկ, որոնց ներկայացնում ես որպես ընկերուհիներ: Եվ երբ ինչ-որ մեկը փորձում է քեզ ապացուցել, որ կանանց միջև ընկերություն չկա, ոգևորված սկսում ես պաշտպանել կանացի ընկերության շահերը` մի պահ մոռանալով, թե ինչպես էիր հանգստացնող հաբերի  հետ ընկերացել, երբ տեղեկացար մտերիմ ընկերուհուդ պատրաստած  անակնկալի մասին: Ձեր ընկերափոխանակման ողջ ընթացքում քեզ չմխիթարեց նույնիսկ ընկերուհուդ խորախորհուրդ հայացքը` <<Կյանքը շատ անկանխատեսելի է, մանավանդ, երբ հարցը սիրուն է վերաբերում, ինչ իմանաս` վաղն ում կսիրես>>…  Ծանոթ իրավիճակ է?: Իսկ պատահել է, որ մի ամբողջ ժամ հայելու դիմաց անցկացնելուց և ճանապարհին մարդկանց հիացական հայացքները որսալուց հետո լսել ես.<<Ինչ հոգնած տեսք ունես, երևում է` շատ ծանրաբեռնված ես, հա?>>?Այստեղ տեղին է վերաձևակերպել մեծ գրողի հայտնի միտքը. <<Ինչը կհաղթեր կնոջը, եթե չլիներ կանացի ընկերությունը>>: Գիտակցելով մտքի ողջ խորությունը` անցնենք բուն գործողությունների. նախ` հիշի’ր ամենագլխավոր օրենքը` վստահիր ինքդ քեզ ու միայն քեզ: Այնուհետև հայելու դիմաց մի քանի անկեղծ մենախոսություն անցկացնելուց և ինքդ քեզ քո ամենամոտ անձը հռչակելուց հետո անցիր ընկերուհիներիդ ըստ քո հայացողության ներքևում բերված խմբերում տեղավորելուն, ինչից հետո էլ` բարդ իրավիճակների լուծման բյուրոյին:

Սրճակից ընկերուհիներ— mini

Նրանց հետ ուղղակի հաճելի է շփվելը, զրուցելն ու, պարզապես, ժամանակ անցկացնելը: Քեզ չեն հետաքրքրում նրա սկեսրոջ վերջին թարմ բամբասանքներն ու ամուսնու անհիմն խանդի տեսարանները, նրան էլ` քո հերթական անհաջող սիրավեպն ու չգնահատված նվիրվածությունը: Այս պարագայում դուք միշտ ժպտում եք միմյանց, կիսվելու և կիսելու  ոչինչ չկա. ուղղակի հաճելի և մտերմիկ շփում:

Մտերիմ ընկերուհիներ— midi


Նրանց հետ  անցկացնում ես օրվա մեծ մասը` աշխատավայրում, համալսարանում, և կամա թե ակամա ընկերություն է ստեղծվում: Նրանք հիմնականում ծանոթ են քո էմոցիոնալ աշխարհին, քանի որ կանայք հակված են ավելի շատ էմոցիաներն արտահայտելուն, քան զսպելուն: Դու ոգևորված պատմում ես կատարվածի մասին և վերջին նախադասությունդ ավարտելուց հետո միայն նոր գիտակցում, որ ամենևին պարտադիր չէր աշխատավայրում փոքրիկ դրամատիկ ներկայացում բեմադրել ընկերոջդ չզանգելու կապակցությամբ: Բայց մինչ դու հասցնում ես այս հասարակ ինֆորմացիան գիտակցել, ընկերուհի դարձած աշխատակիցներդ կամ համակուրսեցիներդ, խորհուրդներով ու խրատներով զինված, հայտնվում են կողքիդ: Դու լուռ դեմքով լսում ես այդ ամենը` գումարած <<բա որ ասում էինք>> շարքը, և <<ինչ լավ է, որ դուք կաք>> խոսքերն ասելով`  թեթև հոգոց ես քաշում:

Սրտակից ընկերուհի— maxi

Նա յուրաքանչյուր պարագայում հասկանում է քեզ: Երբեք և ոչ մի հարցում չի փորձում քեզ սխալ համարել: Նա միշտ տխրում է, երբ դու տխուր ես, ուրախ է, երբ ուրախ ես: Նա հենց այն մարդն է, ում դու ժամերով պատմում ես, թե ինչ էիր զգում, երբ տնօրենը որոշեց պաշտոնդ բարձրացնել: Նա կարող է քեզ հետ միասին ժամերով նայել քո մանկական լուսանկարները, և հիացած լսել քո դպրոցական երկրպագուների երկարաշունչ նամակները: Նա սրտակից ունկնդիր է, լսում է, համաձայնվում, ցավում, ուրախանում: Եվ երբ արդեն բոլորին ձանձրացրել են քո անվերջ բողոքներն ու արտասվախառն ճառերը, նա դեռ պատրաստ է լսել և մխիթարել քեզ:

Անփոխարինելի ընկերուհի—  Super-maxi

 


Նա  հաստատ կվիրավորվի, եթե հանկարծ մի օր չհիշես իր գոյության մասին: Նա քեզանից լավ է հիշում, թե ինչն էր պատճառը, որ դու երեք տարի առաջ մերժեցիր այն բարետես երիտասարդի ամուսության առաջարկը: Գիտի, թե ով է արդեն երկար ժամանակ բոլորից թաքուն բնակվում քո սրտում, մի խոսքով, քո մասին գրեթե ամեն ինչ ՆԱ գիտի: Նա միշտ նվիրված և հոգատար է: Սիրում և ընդունում է քեզ քո բոլոր թերություններով և առավելություններով հանդերձ. և չի վախենում անկեղծորեն կշտամբել, որ վիրտուալ ծանոթին հեռախոսահամարդ տալը  ճիշտ չէր, և հիմա էլ նորմալ են  հեռախոսիդ անդադար հնչող  զանգերն ու քո նյարդային պահվածքը: Հաճախ ընտրում ես հենց նրա առաջարկած խնդրի լուծման տարբերակը ու փորձում  առանց նրա հետ խորհրդակցելու ոչ մի կարևոր որոշում չընդունել: Ինչպես նա, այնպես էլ դու օրվա բոլոր ժամերին հասանելի եք միմյանց համար, և ընկերոջդ ծննդյան երեկույթին, եթե էքստրեմալ պատճառներից ելնելով  դու չես կարող գնալ, հանգիստ կարող ես նրան ուղարկել` համոզված լինելով, որ առանց գույներ ավելացնելու կպատմի` ում էր նայում ամբողջ ընթացքում ընկերդ, ինչով էր զբաղված, երբ չկարողացավ պատասխանել քո 30-րդ զանգին, և ինչն էր պատճառը, որ քո <sirum em qez> sms-ի պատասխան խոստովանությունը 15 րոպե ուշացումով եկավ: Այսպիսով, դու ուղղակի երջանիկ ես, որ նման ընկերուհի ունես:

<<Շատ լավ է, երբ ամեն ինչ լավ է, բայց ինչ անել, երբ երեկ լավ էր, այսօր` վատ է>>?,- այս խոսքերով էլ անցնենք  բարդ իրավիճակների լուծման բյուրո:

ԲԻԼԲ (բարդ իրավիճակների լուծման բյուրո)—Թե ինչու ենք մենք հաճախ հայտնվում բարդ իրավիճակներում, թերևս կարիք չկա բացատրել: Իսկ երբ խոսքը վերաբերում է կանանց, ապա այդ պատճառները կարող են եռապատկվել կամ քառապատկվել: Ուստի պատճառներ փնտրելու փոխարեն միանգամից անցնենք լուծմանը:

Ինչ անել, եթե mini-ն?

քեզ խաբել է— պետք չէ կենտրոնանալ, հիշի’ր, որ mini-ին պարտավոր չէ քեզ ամեն ինչ ճիշտ-ճիշտ պատմել, քանի որ դուք ընդամենը միասին լավ ժամանակ եք անցկացնում: Իսկ եթե կա ինչ-որ բան, որն իմանալը քեզ համար շատ կարևոր է, և mini-ն կարող է քեզ օգնել այդ հարցում, ուղղակի անկեղծ ասա, որ այս պարագայում քեզ համար կարևոր է ճշմարտությունը: Եթե նորից խաբի քեզ, ուրեմն նման հարցերով այլևս  մի դիմիր mini-ին, գուցե նա էլ իր պատճառներն ունի, ուստի ավելի լավ է պահպանել բարիդրացիական շփումը, քան թե անկեղծություն պահանջել մի մարդուց, ով պարտավոր չէ անկեղծ լինել:

փորձել է գայթակղել ընկերոջդ— հանգիստ, առանց եղունգներդ կրծելու և ընկերոջդ մոտ mini-ի հասցեին վրդովված խոսելու, ուղղակի այնպես արա, որ նրանք այլևս չհանդիպեն միմյանց: Եվ պարզելով, որ mini-ն կրիտիկական վիճակում է` ընկերոջ կարիք ունի, փորձիր օգնել նրան` հերթական հանդիպման ժամանակ նրան ակնարկելով այդ մասին: Չմոռանաս հիշեցնել, որ հարկավոր է զգույշ լինել, քանի որ տղաները սիրում են աղջիկների զգացմունքերի հետ խաղալ և պատմել, թե ինչպես էր ընկերդ ցույց տալիս քեզ` իրեն սիրահարված  մի աղջկա  sms-ները` ծաղրելով խեղճին: Վերջում էլ անպայման ավելացրու, որ քեզ դուր չի գալիս տղաների նման պահվածքը, բայց ինչ արած` տղաներն այդպիսին են` սիրում են մեկին, բայց դեմ չեն, որ  իրենց շատերը սիրեն:

ոչ մտերիմ մարդկանց միջավայրում փորձում է ծաղրել քեզ— հիշիր, որ նման դեպքերում ոչ թե վիրավորվում ես կամ  վիրավորում, այլ միանում ես  հեղինակին և  լարված վիճակն անցկացնելու համար ծաղրը վերածում ես հումորի: Ինքդ քո վրա ծիծաղելուց հետո անցնում ես mini-ին` բոլորի ուշադրությունը շեղելով նրա չստացված շպարի վրա: Այդ ամենն, իհարկե, պետք է անել հումորի սահմաններում, վերջում էլ անպայման պետք է համեմել <<Չվիրավորվեցիր, չէ?>> նախադասությամբ:

ամեն անգամ քեզ տեսնելիս մեկնաբանում է արտաքին տեսքդ— երբ հերթական անգամ սկսի արտահայտվել, թե որքան հոգնած, ջղային, թափթփված  տեսք ունես, նախ ժպտա, հետո հարցրու` ինչ կարելի է անել, որ տեսքդ ավելի գրավիչ լինի: Mini-ն  միանgամից վարսահարդարի և դիմահարդարի  դերում կհայտնվի և կսկսի բացել արտաքին տեսքի հետ կապված մասնագիտական իր բոլոր gաղտնիքներ: Աշխատիր որքան հնարավոր է շատ հարցեր տալ: Երբ կզգաս, որ mini-ն վերջնականապես ձանձրացել է մեկ ժամ շարունակ ինչ-որ գոյություն չունեցող <<Գեղեցիկի ճիշտ ներկայացման գրասենյակի>> օրենսգիրքը քեզ պատմելուց ու  այլևս չգիտի` ինչպես կարելի է փոխել թեման, քանի որ քեզ շատ են հետաքրքրում նրա անգին խորհուրդները, անկեղծ շնորհակալություն հայտնիր և մեղավոր հայացք ընդունելով` ավելացրու.<<Ես ինձ այսպիսին էլ եմ շատ դուր գալիս>>: Համոզված եղիր, որ տեսքիդ հետ կապված մեկնաբանություններ այլևս չես լսի նրանից :

Ինչ անել, եթե  midi- ն ?

քեզ խաբել է— այս պարաgայում սուտը կարող է վերաբերել աշխատանքին, դասերին, կամ ուղղակի մարդը սուտ խոսելու սովորություն ունի: Նախ պետք է համոզվել, որ իրոք խաբել է, այնուհետև midi-ին ասել, որ երբ մարդիկ խաբում են քեզ, դու ուղղակի սկսում ես նրանց անլուրջ վերաբերվել: Վերջում էլ չմոռանաս ավելացնել, որ համոզված ես` midi-ն քեզ խաբելու ցանկություն չի ունեցել, ուղղակի պատահմամբ է ստացվել:

փորձել է գայթակղել ընկերոջդ—  առաջին հերթին մեղադրիր ինքդ քեզ` քիչ խոսեիր ընկերոջդ բացառիկ լինելու և տղաների մոտ քիչ հանդիպող հատկանիշեր ունենալու  մասին: Բայց երբ իրավիճակն արդեն հասել է նրան, որ ընկերդ սկսել է հաճախ այցելել աշխատավայր կամ համալսարան, իսկ midi-ին էլ մի վայրկյան անգամ չի կորցնում և  պատմում է իր վերջին շրջանի ձեռքբերումների մասին, վերջում էլ` խնդրում ընկերոջդ օգնել իրեն ինչ-որ հարցում, նշանակում է` իրավիճակը լուրջ է: Այս պարագայում կամ երկուսին էլ հանգիստ ես թողնում, կամ ուղղակի ասում ես midi-ին, որ քեզ դուր չի գալիս նրա` ընկերոջդ գայթակղելու ուղղությամբ տարվող աշխատանքը: Նա կսկսի պատմել քեզ, թե ինչքան սխալ ես դու ամեն ինչ ընկալում: Բնական է, չի կարող  անկեղծ ասել, որ  իր կարծիքով` ինքն ու ընկերդ շատ գեղեցիկ զույգ կարող էին լինել: Ընկերոջդ էլ ինչքան հնարավոր է շուտ ճանապարհիր, երբ նորից որոշում է այցելել  ձեզ:

բացել է քո գաղտնիքը— նախ խորհուրդ չի տրվում midi-ներին գաղտնիք վստահել. բայց չէ±  որ դու ոչ մի կերպ չկարողացար զսպել զայրույթդ, երբ տեսար տնօրենիդ ինչ-որ աղջկա ընկերակցությամբ մտերմիկ զրուցելիս, ու միանգամից ձեռնամուխ եղար պարզելու այդ աղջկա ով լինելը, իսկ վերջում էլ midi-ին պատմեցիր քո և տնօրենիդ գաղտնի հարաբերությունների մասին: Ու երբ հասկացար, որ դա գաղտնիք էր, որի մասին գիտեիք միայն դու և տնօրենդ, արդեն midi-ն տեղյակ էր, որ տնօրենիդ մայրը դեմ է ձեր հարաբերություններին, իսկ դու էլ` մոր դիրքորոշմանը: Այս պարագայում դու պետք է գործես հօգուտ քեզ:  midi- ին ուղղակի բացատրիր, որ պետք չէ բացել ուրիշի գաղտնիքները, երբ  դու ինքդ էլ  գաղտնիքներ ունես: Կարելի է նաև  գովաբանել նրան. ուրախալի է, երբ մարդիկ օգտագործում են իրենց ստեղծագործական ջիղը և քո մասին հետաքրքիր պատմություններ են հորինում: Չմոռանաս midi-ին շնորհակալություն հայտնել:

Ինչ անել, եթե  maxi- ն? :-O

քեզ խաբել է- ուղղակի ասա maxi-ին, որ իմաստ չկար ստելու: Առանց նրա էլ բավական մարդիկ կան շրջապատում, ովքեր պատրաստ են խաբել մեզ, ուստի եթե նա էլ է որոշել դասվել նրանց շարքին, ուրեմն քեզ պետք չէ նրա նման maxi ընկերուհի: Վերջում էլ զգուշացրու, որ մյուս ստի դեպքում արդեն նոր ցուցակ կկազմես և նրա անունը կգրես mini-ների շարքում, քանի որ չես կարող միանգամից ջնջել նրան քո կյանքից ու հանգիստ մոռանալ, բայց ներելն էլ մի փոքր բարդ է, երբ խոսքը վերաբերում է քեզ մտերիմ մարդու:

փորձել է գայթակղել  ընկերոջդ- եթե այնպես է ստացվել, որ ընկերդ հանկարծ հայտնաբերել է, որ սիրում էր ոչ թե քեզ, այլ maxi-ին, ուրեմն պետք է ուղղակի երջանկություն մաղթել  նրանց և maxi-ին շնորհակալություն հայտնել  քեզ  ազատելու համար մի մարդուց, ով չի կարողանում կողմնորոշվել` ում է սիրում: Մյուս պարագայում սիրահարվել է միայն maxi-ն է: Փորձիր օգնել նրան և հասկացնել, որ պետք չէ փչացնել ձեր հարաբերությունները այդ անիմաստ և ապարդյուն  սիրո պատճառով: Հնարավոր է, որ հենց maxi-ն էլ խոստովանի  ընկերոջդ հանդեպ իր զգացմունքի մասին: Այս պարագայում, եթե իրոք maxi է, ապա ամեն կերպ կխուսափի ընկերոջդ հետ հանդիպելուց, դու էլ, իմանալով պատճառը, ուղղակի պետք է գնահատես նրա նվիրվածությունն ու ձեր ընկերությունը:

բացել է քո գաղտնիքը- <<Մինչև խոսքն ասելը խոսքն է մեր գերին, ասելուց հետո` մենք նրա գերին>>,- լավ կլիներ մեր գաղտնիքները որևէ մեկին վստահելիս միշտ հիշեինք այս ասացվածքը: Կնոջ ճարտար լեզվի  պարագայում դա, սակայն,  այնքան էլ ակտուալ չէ: Եվ եթե maxi-ն որոշել է պատերազմել, ապա հանգիստ հետևիր իրադարձությունների զարգացմանը: Կրիտիկական պահին նորից մտածիր քո և շահերիդ մասին: Ներկայացրու ամեն ինչ այնպես, ինչպես քեզ է հարմար, հիշիր, որ  պարտավոր չես որևէ մեկին բացատրություն տալ, և եթե հարմար ես գտել թեկուզ քեզ շատ մոտ մարդկանցից ինչ-որ թաքցնել, դա միայն քո իրավունքն է:

Ժպտա, տաք լոգանք ընդունիր, սառը թեյ խմիր և  maxi-ին  իր վատ արարքի   հետ միասին  քո առօրյայից դուրս հրավիրիր: Կարող ես չզսպել էմոցիաներդ և ասել maxi-ին այն ամենը, ինչ զգում ես այդ պահին. նա արժանի է:

Ինչ անել, եթե  Super-maxi- ն ?

քեզ խաբել է գիշերներ շարունակ մտածելու և 30-րդ պատճառը գտնելու փոխարեն կարելի է օգտվել մեր օրերում միշտ հասանելի հեռախոսից կամ համացանցից և առանց մյուս ընկերուհիների հետ խորհրդակցելու միանգամից Super-maxi-ին տալ քեզ տանջող հարցերը: Գուցե պարզվի, որ ամենևին էլ չի խաբել, ուղղակի հան•ամանքներն են այնպես դասավորվել, որ նա քեզ ասաց` տանն է, բայց 5 րոպե հետո նրան հանդիպեցիր սրճարանում ինչ-որ տղայի ըկերակցությամբ:Խոսեցիր և պարզեցիր, որ խաբել է և շարունակում է խաբել. եթե հարցը վերաբերում է նրա անձնականին, նա ընտրության  իրավունք ունի և պարտավոր չէ քեզ  ամեն ինչ ասել: Բայց եթե պարզեցիր, որ այդ անձնականը կամ սուտը հենց քեզ է առնչվում, նրան բացատրելու հնարավորություն տուր, գուցե նա այդպես է վարվել, քանի որ համոզված էր` քեզ համար այդպես ավելի լավ կլիներ, քան եթե իմանայիր ճշմարտությունը:Super-maxi-ն այն ընկերուհին չէ, ում կարելի  է մի օրում կորցնել, բայց եթե արդեն ամեն ինչ պարզ է, և դու Super-maxi-ի շնորհիվ հասկացար, որ  մարդկանց հավատալ պետք չէ, նախ սթափվիր: Հետո համացանցով մեկ անգամ ևս ճշտիր մոլորակի բնակչության վիճակագրությունը. ի դեպ, նրանք բոլորն էլ տարբեր են  և առանձնահատուկ, ու հետագայում Super-maxi ընտրելիս արդեն նախկինում ունեցած փորձդ ու սխալները հաշվի առնելով` ավելի երկար մտածիր: Ներել այս պարագայում դժվար է, բայց եթե քեզ մոտ ստացվել է Super-maxi-ին ներել, ուրեմն նրա նկատմամբ վստահությանդ սանդղակը վերանայիր:

փորձել է գայթակղել  ընկերոջդ— միանգամից  խոսիր նրա հետ և անկեղծ ասա, որ դա քեզ դուր չի գալիս: Արդեն 2 անգամ ասել ես, բայց իրավիճակը նույնն է. նա նորից քեզ ու ընկերոջդ հրավիրել է իրենց տուն, ինչպես միշտ ջանք չի խնայել շլացուցիչ տեսք ունենալու համար, հագել է իր ամենակարճ զգեստը և կես ժամ շարունակ աթոռին կանգնած` փորձում է պահարանի ամենաբարձր պահոցից մի կերպ հանել ձեր հին նկարները, որոնց մեջ  տեսքդ ուղղակի սարսափելի է:

Super-maxi-ն, իմանալով քո մասին ամեն ինչ, ցանկության դեպքում հեշտությամբ ընկերոջդ մոտ<<ՙպատահմամբ>> կարող է ասել այն, ինչի մասին պետք էր լռել, հանկարծակի կարող է հիշել, որ  մի քանի օր առաջ փողոցում նախկին ընկերոջդ է տեսել,  ով բարևներ էր ուղարկում ծնողներիդ` հաստատ իմանալով, որ ընկերդ տեղյակ չէ քո և նախկինիդ այդքան սերտ մտերմության մասին: Այս ամենից խուսափելու համար պետք է շատ լուրջ խոսել Super-maxi-ի հետ: Պարզեցիր, որ նա հանուն տղայի պատրաստ է զոհել ձեր մտերմությունը, ուրեմն մոռացիր նրան, նա <<Սերն անցողիկ է, ընկերությունը` հավերժ>> ասացվածքը երբևէ չի լսել:

բացել է քո գաղտնիքը—  սա այն դեպքն է, որը միշտ բացառել ես: Այս պարագայում դու քեզ ուղղակի ոչնչացած ես զգում. պարզվեց`  Super-maxi ընտրելիս դու շատ անմխիթար վիճակում ես եղել, հետո էլ ժամանակի ընթացքում ուղղակի չես հասկացել կամ չես ուզել հասկանալ, որ նա այն մարդը չէր, ում կարելի էր վստահել, բայց արդեն ուշ է: Նախ պետք է դուրս գալ էմոցիոնալ բարդ վիճակից: Հիշիր, որ ամենավտանգավորն այն թշնամին է, ով նախկինում ընկերդ է եղել, ուստի պետք չէ թույլ գտնվել, քանի որ Super-maxi-ն գաղտնիքներդ բացելով` հաստատ չի ցանկացել օգուտ տալ քեզ: Առանց հարաբերություններ պարզելու, առանց մեկնաբանություններ ու արդարացումներ լսելու, ուղղակի արհամարհիր նրան և մոռացիր, որ քո կյանքում նման անգին  Super-maxi է եղել: <<Երբ թիկունքիդ հարվածում են, կարող ես  շրջվել և  ապտակել, կարող ես  չընկնել և հարվածից ավելի ուժեղ դարձած` առաջ գնալ կամ էլ ուղղակի թիկունքդ միշտ պատին հենել>>. ընտրիր այս տարբերակներից մեկը և  առաջ շարժվիր:

Ինչը կհաղթեր կնոջը, եթե չլիներ կանացի ընկերությունը

Ընկերուհին էլ շրջազգեստի նման կնոջ անբաժանելի մասն է, և ինչպես շրջազգեստի պարագայում, նեղ mini-ին չի կարող հարմարավետ Super-maxi դառնալ, իսկ անհարմար maxi-ին վարպետությամբ կարելի է վերածել գեղեցիկ midi-ի: Ուստի բարդ իրավիճակների դեպքում լարիր երևակայությունդ և ձևափոխիր ընկերուհուդ: