ՍՈՒՐՃԸ ՄԱՐԴՈՒ ԲԱՐԵԿԱՄ

  • Սուրճը պարունակում է կոֆեին, որը հանդիսանում է խթանիչ: Այդ պատճառով այն հաճախ խմում են առավոտյան կամ աշխատանքային ժամերին: Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճն ունի լրացուցիչ խթանող ազդեցություն, որ կապված չէ կոֆեինի հետ: Սուրճը պարունակում է մինչ օրս անհայտ քիմիական բաղադրիչ, որը նպաստում է մարդու օրգանիզմում 2 խթանող հորմոնների՝ ադրենալինի և կորտիզոնի արտադրությանը:
  • Ճապոնացիների մոտ կա մի հետաքրքիր սովորույթ՝ լոգանք ընդունել սուրճի հատիկներով և անանասի կտորներով լի վաննաներում: Նրանք պնդում են, որ դա շատ արագ անցկացնում է հոգնածությունը:
  • Մի շարք գերմանացի գիտնականներ պնդում են, որ սուրճի միջոցով կարելի է խուսափել ճաղատացումից: Դրա համար ընդամենը պետք է մազերը պարբերաբար լվանալ սուրճով:
  • Աշխարհի ամենաթանկ սուրճի տեսակն է ճապոնական «Կոպի Լուվակ»-ը (1 բաժակի գինն է մոտ 50$):  Սուրճի այս տեսակը ստացվում է հետևյալ կերպ՝ սուրճի հատիկները կերցվում են արմավենաբնակ կզաքիսին, այնուհետև դրանք դուրս են բերվում կենդանու արտաթորանքից։
  • Սուրճի սիրահարների շարքին է պատկանել նաև Յոհան Սեբաստիան Բախը, որը նույնիսկ սուրճին նվիրված հատուկ ստեղծագործություն է գրել՝ «Սուրճի կանտատան»: Հանճարեղ երգահանը գովաբանել է սուրճը որպես՝ «ավելի դուրեկան, քան համբույրը և ավելի հաճելի, քան մուշկը»:
  • 1777թ-ին Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծը հրովարտակ արձակեց, որով արգելում էր հասարակ մարդկանց սուրճ ըմպել։ Այս հրամանի անսխալ կատարումը վերահսկելու համար կային նույնիսկ հատուկ պաշտոնյաներ՝ kaffee schnuflers՝ սուրճի լրտեսներ։ Իսկ Տալլինում մինչ օրս կանգուն է մի հինավուրց աշտարակ, որի անունը՝ Կիկին-դե-Կեկ թարգմանվում է որպես «նայիր խոհանոցին»: Այն մոտ 500 տարեկան է. հնում այդտեղից հաճախ հայտնաբերում էին այն տները, որտեղ սուրճ էր պատրաստվում և պատրաստողներին ենթարկում էին տուգանքի։
  • Առաջին անգամ սուրճը բացահայտվել է Արևելյան Աֆրիկայում: Համաձայն հայտնի լեգենդի՝ մի հովիվ նկատել է, որի իր այծերն անսովոր աշխույժ են պահում իրենց՝ ինչ-որ անհայտ բույսի հատիկներն ուտելուց հետո: Հետաքրքրված լինելով այդ տարօրինակ երևույթով՝ հովիվն ինքն է փորձում այդ հատիկները և զգում, որ դրանք իրեն լրացուցիչ էներգիա են տալիս: Այս հրաշք-պտղի մասին լուրերը շատ արագ տարածվում են ողջ ռեգիոնով մեկ, իսկ ավելի ուշ՝ արդեն ողջ աշխարհում:
  • Եթովպիայի այդ ծայրամասը, որտեղ ըստ ավանդության առաջին անգամ հայտնաբերվել է սուրճը, կոչվում էր Քաֆֆա (Kaffa), որտեղից էլ առաջացել է մեզ այսօր ծանոթ coffee բառը և դրա տարբեր հնչյունափոխված տարբերակները: Ըստ մեկ այլ տարբերակի՝ coffee բառը ծագել է արաբերեն kaweh բառից, որ նշանակում է ուժ, հզորություն:
  • Էսպրեսսո

  • Էսպրեսսոն հանդիսանում է սուրճ պատրաստելու համեմատաբար նոր տարբերակ, որը սկիզբ է առել 1822 թվականին՝ երբ Ֆրանսիայում հայտնվեց էսպրեսսո պատրաստող առաջին մեքենայի նախատիպը: Իտալացիները կատարելագործեցին այդ մեքենան և առաջինը սկսեցին զբաղվել դրա արտադրությամբ: Էսպրեսսոն դարձավ իտալական իրականության անբաժան մասնիկը և ներկայումս այնտեղ կան մոտ 200.000 էսպրեսսո բարեր:
  • Լուծվող սուրճ

    Լուծվող սուրճը սկսել են պատրաստել անցյալ դարի սկզբերից: Գոյություն ունի կարծիք, որ ի սկզբանե այն նախատեսվել է ամերիկյան բանակի համար, քանի որ այն շատ ավելի հեշտ և արագ է պատրաստվում, քան սև սուրճը: Բացի այդ, լուծվող սուրճի պահպանման ժամկետը շատ ավելի երկար է: Սակայն ցավոք, լուծվող սուրճի առավելությունները դրանով վերջանում են: Բանն այն է, որ դրա պատրաստման ժամանակ այն կորցնում է իր բոլոր օգտակար հատկությունները: Սուրճի հատիկները բովում են, մանրեցնում և մի քանի ժամ մշակում են տաք ջրով, փաստորեն, պատրաստելով շատ թունդ սուրճ: Ստացված խմիչքը չորացնում են՝ դարձնելով այն փոշի: Նման կերպ պատրաստված սուրճը ամենից էժանն է, սակայն դրա մեջ ոչ մի օգտակար նյութ չի մնում:
  • Գոյություն ունեն սրճենու տասնյակ տեսակներ, սակայն կոմերցիոն տեսանկյունից հետաքրքրություն են ներկայացնում միայն նրանք, որոնցից ստացվում են Արաբիկա (Coffea Arabica), Ռոբուստա (Coffea Canephora) տեսակի սուրճերը, ինչպես նաև ավելի հազվադեպ օգտագործվող Coffea Liberica-ն և Coffea Excelsa-ն: Ինչպես հայտնի է, արաբիկան շատ ավելի թանկ և «էլիտար» սուրճ է համարվում: Այն ավելի քիչ կոֆեին և ավելի շատ ածխաջրեր է պարունակում՝ համեմատած Ռոբուստայի հետ: Թերևս դա է պատճառը, որ սուրճի այս 2 տեսակները հաջողությամբ լրացնում են միմյանց: